Մայր իմ` արեւ ու հեռանուշ լուսնկայ,
դարձար նշխար ու միացար մեր հողին,
և հողն անուշ հայրենիքին հնամեայ,
քիչ մ`աւելի քաղցրացաւ…
Մայր իմ` երկինք եւ առաւօտ սրբալոյս,
դուն մեր հողին տվիր հոգիդ խնկաբոյր
և հողը սուրբ` լուսապսակ պապերուս`
քիչ մ`աւելի սրբացաւ…
Մայր իմ, դուն գանձ եւ անսպառ ոսկեհանք,
դարձար խորհուրդ և հողակոյտ աննշան,
բայց գանձն անխոյզ մեր հողերի լանջքին տակ`
Քիչ մ`աւելի աճեցաւ…
Մայր իմ` աղբիւր սիրո անհաս հրաշքին,
գացիր ննջել Լուսաւորչի աստղին տակ,
և սիրտն անհուն Հայաստանի մայր հողին,
քիչ մ`աւելի մայրացաւ …
Մայր իմ` երդիկ, մայր իմ` սեղան տոհմական,
հարազատ բառ եւ սուրբ բարբառ մայրենի,
քեզմով հիմա աշխարհն հայոց աննման,
քիչ մ`աւելի հայացաւ…